«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ չի բացառվում՝ առաջիկա օրերին հայտնի քրեական գործի շրջանակներում ձերբակալեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին իրավապահների գործադրած տիտանական ջանքերն ապարդյուն անցան, գործին առնչվող տասնյակ մարդկանց ձերբակալեցին, որպեսզի Աշոտյանի դեմ ցուցմունք կորզեն` ապարդյուն։ Այժմ գործընթացն ակտիվացել է, բերման են ենթարկվում ԵՊԲՀ-ի հետ նախկինում երբեւէ գործարք ունեցած մարդիկ, փորձում են կապ գտնել նրանց եւ Աշոտյանի միջեւ։ Խոսքը 2015 թ. Բժշկական համալսարանից խոշոր չափերի հափշտակության առիթով հարուցված քրեական գործի մասին է, որի շրջանակներում անցած տարեվերջին կալանավորեցին, ապա ազատ արձակեցին բուհի նախկին ռեկտոր, 70-ն անց Միքայել Նարիմանյանին։
Մեր աղբյուրները նշում են, որ Աշոտյանը կրկին խոշորացույցի տակ է հայտնվել՝ քաղաքական պատճառներով: Այս քրգործի հիմքով Աշոտյանի ՍԵԿՏ-ը փակ է՝ նրան արգելված է դուրս գալ երկրից, կարող է դուրս գալ միայն քննիչի թույլտվությամբ, վերջինս էլ չի բավարարում այդ միջնորդությունները: Տեղեկացանք, որ Էդմոն Մարուքյանն ու Արմեն Աշոտյանն օրերս հրավիրված էին Ավստրիա՝ Արցախի հարցով փակ քննարկման, սակայն Աշոտյանին մերժել են` նրա փոխարեն Հայկ Մամիջանյանին է ՀՀԿ-ն գործուղել։
Իշխանությունը թերեւս մտավախություն ունի, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրական» մոտեցումների ֆոնին հայաստանյան ընդդիմության կոշտ դիրքորոշումները կարող են այդ հարթակներում հիստերիայի մեջ գցել ադրբեջանական պատվիրակություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում