Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
«Մենք հասկանում ենք, որ հանդիպելու ենք աշխարհի ուժեղագույն թիմի հետ այս պահին։ Մենք կմրցենք լավագույնների հետ։ Նրանք ունեն ֆանտասիկ կազմ եւ մարզիչ, որը նշանավորում է մի ամբողջ դարաշրջան։ Ժամանակակից ֆուտբոլը կիսվում է Գվարդիոլայից առաջ եւ հետո։
Մենք պետք է ուշադիր լինենք, միասնական մեխանիզմի նման ներդաշնակ գործենք։ Կլինի կարիերայիս ամենակարեւոր հանդիպումը։ Կարծում եմ՝ նույնը վերաբերում է նաեւ մեր թիմի խաղացողներին։ Նախորդ երեք ամիսներին «Ինտերը» հասել է մեծ նվաճումների։ Այս եզրափակիչը մեր բոլոր ջանքերի պարգեւն է»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։