Քարիմ Բենզեման հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին»։ Արքայական ակումբը 35-ամյա ֆուտբոլիստի համար կազմակերպել է հրաժեշտի արարողություն։
«Ծանր է խոսել։ Շատ շնորհակալ եմ «Ռեալին», թիմակիցներիս։ Ես կարողացա իրականացնել երազանքս։ Երբեք չեմ մոռանա Արքայական ակումբը, քանի որ այն լավագույն ակումբն է աշխարհում եւ պատմության մեջ։ «Ռեալը» միշտ կլինի իմ ընտանիքը, նաեւ երկրպագուների շնորհիվ։ Շնորհակալ եմ բոլորիդ ամեն ինչի համար»,- ասել է Բենզեման։
«Ոսկե գնդակի» դափնեկիրն ավարտված մրցաշրջանում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել է 31 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Ոչ պաշտոնական տվյալներով, Բենզեման կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբում։
Բենզեման «Ռեալի» կազմը համալրել է 2009 թվականին 21 տարեկանում։ 14 մրցաշրջանի ընթացքում Բենզեման «Ռեալի» հետ նվաճել է 25 տիտղոս՝ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ, աշխարհի ակումբային առաջնության 5 տիտղոս, 4 եվրոպական սուպերգավաթ, Իսպանիայի չեմպիոնի 4 տիտղոս, Իսպանիայի 3 գավաթ եւ 4 սուպերգավաթ։
Բենզեման 647 հանդիպում է անցկացրել «Ռեալում» եւ այդ ցուցանիշով 5-րդն է ակումբի պատմության մեջ։ 353 գոլով նա ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն է։