Բաքուն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների անօրինական բնակեցումը շարունակելու մտադրության մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը լրագրողներին ասել է, որ մտադիր է մինչեւ 2026 թվականի վերջը այդ տարածքներում (բացառությամբ Շուշիի շրջանի) 34500 ընտանիք վերաբնակեցնել։ Հատկանշական է, որ Հուսեյնովն այս մասին ասել է օկուպացված Շուշիում, որտեղ օտարերկրյա ներկայացուցիչների մասնակցությամբ «խաղաղության համաժողով» է անցկացվում։ Ակնհայտ է, որ հենց նրանց մասնակցությունն է Բաքվին խրախուսում նոր «ձեռքբերումների»:
Մինչդեռ նման բնակեցումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտումն է, որի 7-րդ կետում սեւով սպիտակի վրա գրված է. «Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո»։