Միջազգային քրեական դատարանն սկսել է հետաքննել Կախովի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի եւ դրա առաջացրած հեղեղումների պատճառները, կիրակի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Օրերս Խերսոնշչինա են այցելել Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչները», -ասել է Զելենսկին երեկոյան տեսաուղերձում։
«Աղետից հետո առաջին օրն իսկ գլխավոր դատախազությունը Միջազգային քրեական դատարան է ուղարկել համապատասխան հարցում աղետի հետաքննություն իրականացնելու համար, եւ աշխատանքն արդեն սկսվել է»,- շարունակել է Ուկրաինայի նախագահը։
Ինչպես ընդգծել է Զելենսկին, կարեւոր է, որպեսզի միջազգային իրավաբանները տեսնեն աղետի հետեւանքները, այդ թվում հեղեղված տարածքների հրետակոծման դեպքերը։
Կիրակի ավելի վաղ ուկրաինացի պաշտոնական անձինք տեղեկացրել էին, որ ռուս զինվորականների՝ տարհանվողներ տեղափոխող նավակների հրետակոծության հետեւանքով զոհվել է երեք մարդ։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ուկրաինացի փրկարարները տարհանել են մոտ 4 000 բնակչի տուժած գոտիներից, ներառյալ Դնեպրի՝ Ռուսաստանի օկուպացրած արեւելյան ափից։