Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից հրաժարվեց մեկնաբանել «Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքին» Հայաստանի հետ խնդիր չէ, դա Իրանի հետ խնդիր է:
«Ճիշտն ասած չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է երրորդ երկրների ինտերգացիային կամ չինտեգրացիային: Բայց քանի որ թեմային է առնչվում, պետք է խոսեմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են օրինակ, այն, որ դրանք պետք է գործեն այն երկրների ենթակայությամբ եւ իրավազորությամբ, որոնց տարածքով անցնում են: Այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Նա ընդգծեց, որ իր սուբյեկտիվ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա հատկապես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում. «Բայց վերջնական արդյունք դեռ չունենք եւ առայժմ, ցավոք սրտի, չենք կարող հանրայնացնել դրանց բացակայության պատճառը»,-ընդգծեց ԱԳ նախարարը: