2023 թ․ հունիսի 13-ին՝ ժամը 06։31-ի սահմաններում, Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում 1982 թ․ ծնված, Երևան քաղաքի բնակչի վարած «Մերսեդես սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված վայրում կայանված «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկին։ Դրա հետևանքով «Մերսեդես սպրինտերի» վարորդը, նույն ավտոմեքենայի 7 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ և բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բուժհաստատություններ։

Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն։ Վնասվածքներ ստացած անձանց առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։ Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։

Պատահարի հետևանքով վնասվածք ստացած անձանցից 5-ը շարունակում են գտնվել բուժհաստատություններում՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, իսկ 3 անձ հիվանդանոցից դուրս է գրվել։

Ավտովթարի պատճառները պարզելու նպատակով նշանակվել է նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, տրասնպորտային միջոցների վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։