Այն, ինչ հիմա կասեմ, ընկալեք, որպես մտքերը կիսելու մի փորձ. ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա. մեր զինանշանը շատ է արտահայտում մեր հոգեբանությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատկերված է Նոյյան Տապանը Արարատի վրա, Հայաստանի 4 հարստությունների զինանշանները: Վերջերս այդ զինանշանին նայելով, ինձ մոտ հարց է ծագել: Իսկ այդ զինանշանը, որ 1991-ին ընդունել ենք, 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի: Ինչի՞ մասին է:

Ընդ որում նայելով կենտրոնին, Արարատ սարի վրա նոյյան տապանն է, իսկ այսօրվա Հայաստանի տարածքը ջրհեղեղի տակ է: Առյուծը, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում:

Դա մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է՝ պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի: Հարցը հետեւյալն է. իրական Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը՝ իրական Հայաստանին: Սա է այն քաղաքական եւ դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պետք է տանք: Ընդ որում, եթե ուզենանք, այս հարցը կարող ենք լուծել առանց կոնֆլիկտների, որովհետեւ պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը գտնվում են ՀՀ տարածքում: Իսկ այդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, գնահատե՞լ եք ինչ վիճակում են: Բա էդքան ավանդույթներից, արժեքներից ենք խոսում: Մեր պատմական սիմվոլները այսօր ավերակների տակ են»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հարց բարձրացրեց, թե ի՞նչ է ասում մեր զինանշանը ապագայի մասին. «Գեղամ Մանուկյանն ասում է՝ սա է մեր կադաստրի թուղթը: Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է՝ հայտարարենք՝ ոչնչացրեք մեզ:

Ձեզ թող չթվա, որ էստեղ մեկն ավելի հայրենասեր է, քան մենք: Չի կարող նման բան լինել: Չի կարող լինել մարդ, որ իմ հայրենիքն ինձնից շատ սիրի, բացառված է»,-ընդգծեց վարչապետը: