Մոսկվան գրեթե ամեն օր շփվում է Բաքվի եւ Երեւանի հետ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ, ՊՄՏՀ շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, առաջարկում լուծումներ, ապահովում կապը Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի միջեւ, հարթակ երկխոսության համար։ Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե հատկապես երբ է տեղի ունենալու ապաշրջափակումը եւ որքան արագ կամ դանդաղ են կողմերը պայմանավորվելու, երբ դա տեղի կունենա»,- ասել է նա։
Օվերչուկը նաեւ տեղեկացրել է, որ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժոովի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւի հետ քննարկել է այն հարցերը, որոնք մնացել են չլուծված Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերների հետ հանդիպումից հետո։
«Հիմնական աշխատանքը կատարվում է մշտապես։ Մենք շփում ենք ունենում ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ գրեթե ամեն օր։ Դա իսկապես այդպես է։ Մենք մշտապես շփվում ենք՝ հեռախոսազանգերով, ֆայլեր փոխանակելով։ Աշխատանքն ընթանում է ո՛չ հանդիպումից հանդիպում»,- ասել է նա՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետի մասին հարցին։