Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը կվերադարձվի պետությանը։ Ինչպես գրում է «Հետքը», որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի անունով գրանցված 4 հեկտար հողատարածքը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի տարածքում։
Ամբողջությամբ խիտ ծառածակույթով անտառը սեփականաշնորհվել էր 2007 թ․-ին։ Հողը ապօրինի կազմակերպված աճուրդում նախ գնել է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանը։ Այնուհետև, կողք կողքի գտնվող երկու հողատարածքը (2 հա + 2 հա) պաշտոնյան վաճառքի պայմանագրով փոխանցել է Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանին։ Այս և մի շարք այլ պատմություններում Հովիկ Աբրահամյանին ներկայացնում է վարորդը՝ Գրիգոր Գևորգյանը։ Դատական ակտերը կարող են բողոքարկվել։
Հակակոռուպցիոն դատարանում կեղծ աճուրդների որոշումները մի քանի տարի է՝ վիճարկում է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։
Հակակոռուպցիոն դատարանում այս տարի կայացված վճիռներով չեղարկվել է ևս 4.4 հեկտար անտառի սեփականաշնորման որոշում։ Այդ դեպքում անտառ էին սեփականաշնորհել գործարար Սամվել Մայրապետյանը և Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը (սեփականաշնորհման ժամանակ Կոտայքի մարզպետարանի պաշտոնյա էր)։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։