«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, նրա մտերիմ դարձած Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել Արցախից՝ «ճեղքելով» շրջափակումը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց անձամբ կապ հաստատել Արման Հակոբջանյանի հետ։ Սկզբում զանգահարեցինք նրա Արցախի հեռախոսահամարին, որն անհասանելի էր, այնուհետեւ զանգահարեցինք նրա երեւանյան հեռախոսահամարին. Հակոբջանյանը պատասխանեց այդ հեռախոսահամարին: Նա չցանկացավ մեկնաբանություն տալ, բայց ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ: Շատ մարդիկ գտնվել են այս կողմում, բայց ճանապարհը փակվելուց հետո կարողացել են դուրս գալ: Այդ ի՞նչ հարց է, որ տալիս եք: Ես պարտավո՞ր եմ մեկնաբանություն տալ. դա իմ անվտանգության հարցն է »,-ասաց նա:
Այսինքն՝ ըստ Հակոբջանյանի՝ Արցախում ապրելն այլեւս անվտանգ չէ: Սա ասում է Արցախում պետական պաշտոն զբաղեցրած անձնավորությունը: Հարցին, թե Արցախից ինչպես է փախչել, դուրս եկել, վերջինս վրդովված արձագանքեց. «Ես չեմ կարող դրական պատասխան տալ. ինձ ով զանգում, հարցնում է, ես ոչ մեկին չեմ պատասխանում՝ ուր եմ։ Ինչու՞ պետք է ասեմ: Ես ո՞վ եմ, գործարար տղա եմ, ի՞նչ հետաքրքրություն կա՝ ինձ հետ կապված»:
Հակոբջանյանն այդպես էլ չհասկացավ, որ Արցախի հաշվին հարստացած, Արցախի գրեթե բոլոր մրցույթներում հաղթած ու միլիոններով գումարներ աշխատած մարդը երբ շրջափակված Արցախից դուրս է գալիս, փախչում է, դա շատ վատ ազդակ է շարքային քաղաքացու համար: Այսինքն՝ էլ ոչինչ չկա՞անելու Արցախում:
Իսկ թե ինչով է զբաղված Արման Հակոբջանյանը Երեւանում, կներկայացնենք հաջորդիվ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում