Դավիթ Տոնոյանի առաջարկն ինչու չընդունեցինք, որովհետև առաջարկում էր լրիվ այլ ձևաչափ, այսինքն քննիչ հանձնաժողովն օգտագործել Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու համար։ Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի ձևաչափի մասին։
«Քննիչ հանձնաժողովը բանավիճելու միջավայր չէ։ Քննիչ հանձնաժողովը նաև լուրջ սահմանադրական իրավասությամբ օժտված հարթակ է»,- ասաց Քոչարյանը։
Հարցին, թե արդյոք վարչապետի համար է միայն քննիչ հանձնաժողովի ձեւաչափը փոխվել, Քոչարյանն հերքեց, նշելով որ Փաշինյանի համար ձևաչափ չեն փոխել։
«Պարզապես վարչապետի հետ քննարկման արդյունքում մենք գտել ենք, որ այս գործիքակազմը նույնպես պետք է օգտագործել»,- հավելեց Քոչարյանը։
Դիտարկմանը, թե մյուսներին առաջարկվել է այս ձեւաչափով հանդես գալ, իշխանական պատգամավորն ասաց․ «Մենք որոշում ենք գաղտնիության ինչ ծավալ կա ներկայացված նյութի մեջ: Պարոն Փաշինյանի երեկվա ներկայացվածի մեջ․․․ ինքն է որոշել՝ գաղտնիության որևէ տիրույթ գոյություն ունի, թե՝ չէ»։