ԱՄՆ-ն չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ:
Կոնգրեսականը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ խոցելի բնակչությունը շրջապատված է ավելի մեծ և ավելի հզոր ադրբեջանական ուժերով, որոնց աջակցում է Թուրքիան:
«2020 թ.-ից ի վեր Ադրբեջանը սեղմում է օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Նրա ուժերը ոչ միայն օկուպացրել են նախկին տարածքի մեծ մասը, այլև նույնիսկ բուն Հայաստանի տարածքը: Ադրբեջանի կառավարությունը խախտել է համաձայնագրերը, և մարդկանց համար ավելի դժվար է դարձել Լեռնային Ղարաբաղում ստանալ սնունդ և այլ ապրանքներ… Մինչ մեր կառավարությունը քննարկումներ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, մենք Կոնգրեսում պարտավոր ենք հարցնել, թե որ ուղղությամբ է այդ ամենը գնում… Մեր երկիրը պարզապես չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումները», - նշել է Քրիս Սմիթը: