ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցնում է, որ հավաքական Արևմուտքը ներգրավված չի եղել «Վագներ» ՊՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձին, փոխանցում է ТАСС-ը։

«Ես նաև Zoom-ի միջոցով հավաքեցի մեր հիմնական դաշնակիցներին համոզվելու համար, որ մենք հավատարիմ մնանք նույն դիրքերին: <...> Նրանք համաձայնեցին ինձ հետ, որ մենք, ընդգծում եմ, չպետք է (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինին պատրվակ տանք դրա պատասխանատվությունը դնել Արևմուտքի, ՆԱՏՕ-ի վրա։ Մենք հասկացրեցինք, որ մենք ներգրավված չենք (Ռուսաստանում ուրբաթ և շաբաթ տեղի ունեցած իրադարձություններին): Մենք դրա հետ կապ չունեինք։ Դա ռուսական համակարգի ներսում պայքարի մի մասն էր»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով հունիսի 26-ին Սպիտակ տանը:


Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն, անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից, կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Ըստ Բայդենի՝ նա այդ մասին հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Բայդենը նաեւ նշել է, որ Արեւմուտքը կշարունակի գնահատել Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքները, այդ թվում՝ Ուկրաինայի համար։ «Սակայն դեռևս վաղ է հստակ եզրակացություն անել, թե ուր է այն գնում», - ասաց նա: Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է, որ ազգային անվտանգության հարցերով զբաղվող իր օգնականները վերջին երկու օրերի ընթացքում ամեն ժամ իրեն զեկուցել են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ «Ես նրանց հանձնարարել եմ պատրաստվել մի շարք սցենարների»,- ասել է Բայդենը՝ չհայտնելով մանրամասներ։

«Անկախ նրանից, թե ինչ կլինի հետո, ես կշարունակեմ ապահովել, որ մեր դաշնակիցները և մեր գործընկերները սերտորեն մոտենան իրավիճակին՝ գնահատելու և արձագանքելու առումով: Կարևոր է, որ մենք պահպանենք ամբողջական համակարգումը»,- ամփոփել է Սպիտակ տան ղեկավարը։