Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության եւ զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առեւտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, անդրադարձել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցության կարեւորության հարցին:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ մարդկային կապիտալի զարգացման, թվայնացման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա գլոբալ միտումների եւ Հայաստանում այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։