«Հրապարակը» գրում է, թե Ոստիկանության հատուկ կարեւորության գործերով վարչությունը խիստ գաղտնիության պայմաններում քննում է օրենքով գող, հանգուցյալ Ասլան Ուսոյանի մերձավորներից մեկի՝ ծագումով գավառցի գործարար Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության վերաբերյալ գործը:
«Ռաֆիկ Մադոյանի վրա, որը Մոսկվայում գտնվող «Շաշլիկ-մաշլիկ» եւ «Նանի տուն» ընկերությունների սեփականատերն է, արդեն մեկ անգամ կատարվել էր մահափորձ՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ նա իր թիկնապահ Ավագյանի հետ ավտոմեքենայով գնալիս է եղել Սայանսկի փողոցում գտնվող իր տունը: Շքամուտքի դուռը բացելու պահին դիպուկահարը կրակ էր բացել Մադոյանի ուղղությամբ, որից տուժել էր միայն թիկնապահը:
Մեր տեղեկություններով, սակայն, սպանության նախապատրաստությունը, որը ՀՀ ոստիկանության քննչականի վարույթում է, առանձին գործ է եւ Սայանսկի փողոցում մահափորձի հետ ուղիղ կապ չունի: Դրա շրջանակներում մայիսին կալանավորվել է 6 անձ, որոնք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում են, եւ որոնց հետ այս 5 ամսվա ընթացքում քննչական գործողություններ գրեթե չեն կատարվել, ինչը զարմանալի է, քանի որ, ըստ մամուլում տեղ գտած եւ չհերքված տվյալների, ոստիկանությունը մոտ մեկ տարի զբաղվել է այս «հանցավոր խմբի բացահայտմամբ»,- գրում է թերթը: