Հայաստանի կառավարությանը, ատոմային տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման փաթեթային առաջարկի շրջանակում, ներկայացվել է առաջարկ փակված «Նաիրիտ» ձեռնարկության քիմիական թափոնների վերացման գործում։ «Նաիրիտում» նախկինում կաուչուկ էր արտադրվում։ Այս մասին պրես-տուրի շրջանակում հայաստանցի լրագրողների հետ զրույցում, «Կրասնի բոր» փորձադաշտում տեղեկացրել է ԴՊՄՁ «ԴԲՕ» (Դաշնային պետական-միասնական ձեռնարկության «Դաշնային բնապահպանական օպերատոր») գլխավոր տնօրենի նախագծերի իրականացման գծով առաջին տեղակալի օգնական Ստանիսլավ Ժաբիկովը։
«Մենք հայկական կողմին ենք ներկայացրել մեր մոտեցումները եւ մեր փորձը, եւ եթե լինի Հայաստանի կառավարության համաձայնությունը, մենք պատրաստ ենք սկսել աշխատանքը։ Մեր առաջարկի առավելությունն այն է, որ մեր որոշումներն արդյունավետ են եւ էկոլոգիական։ Մենք ստեղծել ենք լավագույն հասանելի տեխնոլոգիաների տեղեկատու, ի մի ենք բերել քիմիական թափոնների վերացման մոտեցումները, մեթոդներն ու սկզբունքները»,- ասել է Ժաբրիկովը՝ նշելով, որ համաձայնության դեպքում իրենք պատրաստ են ապահովել «Նաիրիտ» ձեռնարկության քիմիական թափոնների տարածքի ռեկուլտիվացիան։
Ժաբրիկովի խոսքով՝ «Ռոսատոմը» արդեն մի քանի տարի վարում է կուտակված բնապահպանական վնասի բարդագույն օբյեկտներն անվտանգ վիճակի բերելու աշխատանքներ. «Այսօր հաջողությամբ իրականացվում է ռեկուլտիվացիայի 3 նախագիծ՝ «Կրասնի բոր» արդյունաբերական թափոնների փորձադաշտը Սանկտ Պետերբուրգի մոտ, Ուսոլյեքիմպրոմի արդյունաբերական հարթակները, Բայկալի թղթի-ցելյուլոզի կոմբինատը (Բաբխինյան փորձադաշտ) Իրկուտսկի մարզում; քաղաքային աղբավայրը Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում։
«Հաշվի առնելով միասնական մոտեցումը քիմիական արտադրությունների նախագծմանը խորհրդային ժամանակ՝ դրանք հիմնականում նման են այն օբյեկտներին, որոնք գտնվում են ՌԴ տարածքում։ Դա թույլ կտա կուտակված բնապահպանական վնասի վերացման վերաբերյալ ընդունվող որոշումները պրոյեկտել այն օբյեկտների վրա, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում»,- նշել է նա։
ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկը՝ «Նաիրիտը», խորհրդային ժամանակներում կաուչուկի արտադրության մոնոպոլիստն էր։ 1989թ. բնապահպանական շարժման ճնշմամբ «Նաիրիտ ԳԱԱ-ն փակվեց. սկսվեց անկումը, սակայն մի քանի տարի հետո արդեն անկախ Հայաստանի կառավարությունը որոշեց նորից գործարկել այն, բայց սպառման շուկաներն արդեն կորսված էին։ Վերջին տասնամյակների ընթացքում ձեռնարկությունը մի սեփականատիրոջից մյուսին էր անցնում եւ հսկայական պարտքեր է կուտակել, 2010 թվականից սկսվել պարապուրդը, սնանկության գործնթացը։
Քիմիական թափոնների վերացման ռուսական փորձը
Փորձադաշտ էին տարվում վտանգավորության I-IV դասերի հեղուկ թափոններն ամբողջ Խորհրդային Միությունից, այդ թվում եւ Հայաստանից, դրանք այստեղ կուտակվել են մոտ կես դար, լրագրողների հետ զրույցում նշել է «Շրջակա միջավայրին հասցվող կուտակված վնասի վերացման եւ հիդրոտեխնիկական շինությունների անվտանգության ապահովման տնօրինություն» Դաշնային պետական հաստատության տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Ստարկոն։
«Կրասնի բորը» զբաղեցնում է մոտ 70 հեկտար Լենինգրադի մարզում, Պետերբուրգի կենտրոնից 30 կիոմետր հեռու։ Աշխատանքի մի քանի տասնյակ տարիների ընթացքում այն կուտակել է ավելի քան 2 մլն տոննա վտանգավորության I-IV դասի արդյունաբեական քիմիական թափոններ տարբեր տարածաշրջաններից։ Արդյունքում «Կրասնի բորը» դարձել է Ռուսաստանում արդյունաբերական թափոնների խոշոր փորձադաշտերից մեկը։
Նրա խոսքով՝ հարեւան գյուղերի բնակիչները բազմիցս խնդրել են իշխանություններին ուշադրություն դարձնել այդ օբյեկտին, եւ միայն 2014թ. փորձադաշտը փակվել է, բայց ռեկուլտիվացիայի միջոցներ չեն գտել։ Եվ միայն փորձադաշտը դաշնային սեփականության հանձնելուց, «Մաքուր երկիր» դաշնային ծրագրում ներառվելուց հետո, տարիներ անց, հանրության եւ փորձագետների հետ սերտ համագործակցությամբ սկսվեցին եւ ակտիվորեն ընթանում են կուտակված վնասի վերացման աշխատանքները։
Ամենագլխավոր օբյեկտը, որը ոչնչացվում է նախագծի շրջանակում, օրգանական եւ ոչ օրգանական թափոններով լի մեծ փոսերն են։
«Այժմ դրանք փակված են սնամեջ գլաններով, որոնք կանխում են դրանցում մթնոլորտային տեղումների հայտնվելը՝ դրանով իսկ բացառելով հեղուկ թափոնների արտահոսքը ամբարտակից դուրս։ Առաջիկայում հին գլանները, որոնց շահագործման ժամկետն ավարտվում է, ապամոնտաժում են, եւ տեղադրվելու են նորերը»,- ասել է հաստատության բնապահպան ինժեներ Կրիստինա Տարանենկոն։
Աշխատանքները փորձադաշտում ընթանում են հետեւյալ ուղղությամբ. փորձադաշտի շուրջ ստեղծվում է հակազտիչ էշելոնացված պատվար, որը խոչընդոտելու է աղտոտող նյութերի միգրացիային փորձադաշտին հարակից տարածք։ Մասշտաբը պատկերացնելու համար. դրա երկարությունը կազմելու է 3,5 կիլոմետր, խորությունը՝ մոտ 8 մետր; անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծում թափոնների վերամշակման համար, հեղուկ եւ մածուցիկանման թունավոր թափոնների վնասազերծում; փորձադաշտի տարածքի ռեկուլտիվացիա, որի ընթացքում 55 հեկտար տարածքում կստեղծվի բազմաֆունկցիոնալ ռեկուլտիվացիոն պաշտպանական էկրան՝ 1,5 մետր հաստությամբ, կվերականգնվի բերքատու շերտը ռեկուլտիվացիայի կենսաբանական փուլում, ինչպես նաեւ դրենաժավորման եւ հեղեղահոսքերի մաքրման ու զտման համակարգ։
Ներկա պահին կատարվել եւ պատվիրատուին են հանձնվել աշխատանքի երեք փուլեր՝ պետական պայմանագրով նախատեսված ժամկետում։ Այս տարի ստեղծվելու է հեղուկ եւ մածուցիկանման թափոնների վերամշակման համալիր։ Հաջորդ տարի նախատեսվում է վերամշակել 340 հազար խորանարդ մետր թափոն 5 բաց փոսերում։ Այս տարածքում աշխատանքները կավարտվեն 2025թ. կանաչ տարածքի ստեղծմամբ։