Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծով առաջարկվում է կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կարգելվի ձմերուկը և սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված։ Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։


Ըստ նախագծի հիմնավորման՝ նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ձմերուկի և սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքում կտրված մասում միջուկի հաստության մեջ կարող է ներթափանցել միկրոօրգանիզմներ՝ այդ թվում պայմանական ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ և պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների:

Ձմերուկի և սեխի վաճառքը կտրած կամ մասերի բաժանված՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նախագծում կատարվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքի վաճառքին հանրային սննդի օբյեկտներում․ մասնավորապես պանրի վաճառքի դեպքում ճաշացուցակում տարանջատված և նշված չէ՝ արդյո՞ք կաթնամթերքը պատրաստված է բնական հումքով, թե կաթնային յուղի փոխարինիչով։

«Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին): Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի անվանումը, հիմնական բաղադրիչները, սննդային արժեքը (ներառյալ էներգետիկ արժեքը), զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի դեպքում նշվում է «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ»,- գրված է նախագծում։ Ըստ հիմնավորման՝ կաթնամթերքի վաճառքի դեպքում կփոփոխվի ճաշացուցակին ներկայացվող պահանջները՝ ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները։