Ֆրանսիայում անկարգությունների հետեւանքով ձերբակալվածների թիվը հասել է 500-ի։ Բողոքի ակցիաներ եւ անկարգություններ են սկսվել ոստիկանի կողմից 17-ամյա դեռահաս Նախելի սպանությունից հետո։

Սոցցանցերում տեսահոլովակներ են հայտնվել Լիոնից դեպքի վայրից, որում երեւում է, որ հրավառություն են անում, կրակոցներ են հնչում, ցուցարարները հավաքված են խարույկի մոտ։


Բռնությունը շարունակվում է՝ չնայած նրան, որ ուրբաթ Ֆրանսիայի ոստիկանությունը ամբողջ երկրում 45 000 ոստիկանի, հատուկ ստորաբաժանումներ, զրահամեքենաներ եւ ուղղաթիռներ է տեղակայել։

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ ոստիկանությունը 471 մարդու է ձերբակալել ամբողջ երկրում։ Նա նշել է, որ բռնության չորրորդ գիշերն ավելի «քիչ ինտենսիվ» է անցել, իսկ Փարիզում իրավիճակը կայուն է։ Նա հավելել է, որ Մարսելում եւ Լիոնում իրավիճակը մնում է լարված։