Իսրայելը վարում է 2002-ից ի վեր ամենախոշոր գործողություններից մեկն Արեւմտյան ափի Ջենին քաղաքում, գործի են դրվել մի քանի հարյուր զինծառայողներ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) եվրոպական մամուլի ծառայության ղեկավար Մարիա Միխելսոնը։

«Գործողության մասշտաբը դժվար է չափել, բայց գործադրված ուժերի թվաքանակի տեսանկյունից նման բան չի եղել 2002 թվականից։ Գործողությանը մասնակցում են մի քանի հարյուր զինծառայողներ տարբեր ծառայություններից եւ ստորաբաժանումներից, ներառյալ ՑԱԽԱԼ-ի զինվորները, սահմանապահ ոստիկանության հատուկ ստորաբաժանման (ՅԱՄԱՄ) սպաները եւ այլք»,- ասել է Միխելսոնը։


Բանակի ներկայացուցիչը նշել է, որ Ջենինը «մեղվափեթակ է» քաղաքում ահաբեկչական տարրերի տեղակայման համատեքստում։

ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչն ավելացրել է, որ վերջին մեկ տարում Իսրայելի դեմ մոտ 50 գրոհներ են ծրագրվել Ջենինից, իսկ 2023թ. ահաբեկչությունների ժամանակ սպանված իսրայելցիներից երեքը զոհվել են այդ քաղաքի ահաբեկիչների ձեռքով։

Երկուշաբթի գիշեր իսրայելական բանակը տեղեկացրել է մասշտաբային հակաահաբեկչական գործողության իրականացման մասին Ջենինում եւ փախստականների համանուն ճամբարում։ Գործողության առաջին օրը գրոհայինների ենթակառուցվածքին հասցվել են ավիահարվածներ։ Տեղեկացվել է, որ ՑԱԽԱԼ-ի խոշոր ուժեր են մտել քաղաք, ինչից հետո սկսվել են ուժայինների բախումները պաղեստինցիների հետ։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ գործողության ընթացքում սպանվել է տասը պաղեստինցի, ավելի քան 100 հոգի վիրավորվել է։ Կարմիր կիսամահիկի կազմակերպությունը հայտարարել է փախստականների ճամբարներից հարյուրավոր ընտանիքների տարհանման մասին։ Նորությունների պաղեստինյան Wafa գործակալությունը երկուշաբթի տեղեկացրել է, որ Պեղստինի վարչակազմի ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել բոլոր շփումներն Իսրայելի հետ՝ Ջենինում ուժային գործողության համատեքստում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան Ջենինն անվանել է «ահաբեկիչների հանգրվան»՝ հայտարարելով, որ հակաահաբեկչական գործողությունը քաղաքում շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ որ նրա նպատակներն իրականացվեն։