Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պարզաբանել է թիմի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պայմանագրի երկարաձգման հետ կապված տարաձայնությունները։
«Իմ դիրքորոշումը հստակ է։ Ես չեմ ցանկանում ամեն անգամ կրկնել, որ եթե Կիլիանը ցանկանում է մնալ, ապա մենք էլ ենք ցանկանում, որ նա մնա ՊՍԺ-ում, բայց նա պետք է նոր պայմանագիր կնքի։
Մենք չենք ցանկանում կորցնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին առանց փոխհատուցման։ Մենք չենք կարող այդպես վարվել։ Նա ասում էր, որ ոչ մի դեպքում անվճար չի հեռանա։ Եթե նա փոխել է իր կարծիքը, իմ մեղքը չէ։
Բացարձակ հասկանալի է, որ մենք չենք ցանկանում բաց թողնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին առանց ֆինանսական փոխհատուցման»,- Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Մբապեն հայտարարել էր, որ չի երկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Հաջորդ ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կփոխի ակումբը։