«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստերը չեն կայանում:
Բանն այն է, որ դատարանը առաջին նիստը նշանակել է մայիսի 16-ին, սակայն գործով անցնող անձանց պաշտպանները առաջին նիստի օրը չեն ներկայացել դատարան՝ նշելով, որ չեն կարող ներկայանալ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
Արդյունքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը հերթական նիստն է նշանակել հունիսի 26-ին, բայց էլի նիստը չի կայացել: Դատարան է ստացվել մեղադրյալի պաշտպանների դիմումն առ այն, որ մասնակցելու են Փաստաբանների պալատի կողմից անցկացվող սեմինարին եւ միաժամանակ նաեւ իրականացվող ակցիային: Ստացվում է, որ դատարանը նիստեր է հրավիրում, բայց դրանք չեն կայանում: Հերթական նիստը հրավիրվել է հուլիսի 26-ին:
Ի դեպ, չնայած դատապաշտպաները չեն գալիս, բայց մեղադրյալ պատգամավոր Մհեր Սահակյանը բոլոր նշանակված նիստերին անձամբ նրկայացել է դատարան:
Հիշեցնենք, որ ս․թ․ մարտի 31-ին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել։ Սահակյանը պնդում է, որ բռունցքով է հարվածել՝ պատասխանելով Վարդանյանի ագրեսիային»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում