Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ:
Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ հավելեց. «Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»,-ասաց նա: