Թուրքական A Haber հեռուստաալիքը տեղեկացրել է Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման բարձր հավանականության մասին՝ ուրբաթ Վլադիմիր Զելենսկու հետ Թուրքիայի նախագահի բանակցություններից հետո։

«Միանգամայն հավանական է, որ Զելենսկու հետ բանակցություններից հետո նախագահ Էրդողանն առերես հանդիպում ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ռուսաստանում։ Բայց դրա հավանականությունը մեծ է»,- նշել է հեռուստաալիքը։


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ուրբաթ Ստամբուլում բանակցություններ է վարելու Վլադիմիր Զելենսկու հետ, սպասվում է Ուկրաինայի իրավիճակի եւ ցորենի գործարքի քննարկում, որի գործողության ժամկետն ավարտվում է հուլիսի 18-ին։ Այդ այցը Զելենսկու Թուրքիա առաջին աշխատանքային ուղեւորությունն է լինելու երկու տարվա ընթացքում, նախորդը տեղի էր ունեցել 2021թ. ապրիլին։ 2022թ. օգոստոսին Էրդողանը թռել էր Լվով Զելենսկու հետ հանդիպելու համար։