ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ CNN հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ դա «դժվար որոշում» էր՝ առաջինն Ուկրաինային տրամադրել կասետային զինամթերքներ, բայց ի վերջո նրան համոզել են ուղարկել վիճելի զենքը, «որովհետեւ Կիեւին անհրաժեշտ են զինամթերքներ Ռուսաստանի դեմ հակահարձակման համար»։

Սպիտակ տունն ուրբաթ հայտարարել էր, որ նախագահը հավանություն է տվել Ուկրաինային կասետային զինամթերքներ հանձնելու որոշմանը։


«Դա շատ դժվար որոշում էր։ Եվ, ի դեպ, ես դա քննարկել եմ մեր դաշնակիցների հետ, քննարկել եմ բլրի մեր բարեկամների հետ,- ասել է Բայդենը եւ ավելացրել,- ուկրաինացիների զինամթերքներն սպառվում են»։

Բայդենը հարցազրույցում ասել է, որ կասետային զինամթերքներն ուղարկվել են որպես «անցումային շրջան», մինչ ԱՄՆ-ն կարողանա արտադրել ավելի շատ 155 միլիմետրանոց հրետանի։

«Սա զինամթերքների հետ կապված պատերազմ է։ Նրանց զինամթերքներն ավարտվում են, իսկ մենք դրանցից քիչ ունենք,- ասել է Բայդենը։- Ուստի ես պաշտպանության նախարարության խորհրդով արել եմ դա, ոչ միշտ, այլ անցումային շրջանով, մինչեւ որ ունենանք ավելի շատ 155 միլիմետրանոց զենք, ականներ ուկրաինացիների համար»։

«Նրանք փորձում են կանգնեցնել այդ տանկերը։ Մենք չէինք ստորագրում այդ համաձայնագիրը, ինձ երկար ժամանակ չէին կարողանում համոզել անել դա»։

«Բայց գլխավորն այն է, որպեսզի նրանք կամ զենք ունենան ռուսներին այժմ կանգնեցնելու համար, կամ չունենան։ Եվ ես կարծում եմ, որ այն նրանց հարկավոր է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի քան 100 երկրներ, ներառյալ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, այդ զինամթերքներն անվանել են օրենքից դուրս՝ կասետային զինամթերքների կոնվենցիային համապատասխան։ Բայց ԱՄՆ-ն եւ Ուկրաինան չեն ստորագրել այդ արգելքը։