Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի տան մերձակայքում սպանված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչը երեկ բողոքարկել է Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին քրեական հետապնդումից ազատելու որոշումը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։
Փաստաբան Հայկ Ալումյանն իր բողոքը հասցեագրել է զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանին: Փաստաբանը խնդրել է վերացնել Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները:
«Որոշումների մեջ բերված իրավական գնահատականները չեն բխում գործի տվյալներից: Գործի հանգամանքները ներկայացված են խեղաթյուրված ձևով: Որոշումների մեջ հարցաքննված վկաների ցուցմունքներից բերված են միայն այն անձանց ցուցմունքները, ովքեր կամ Սուրիկ Խաչատրյանի հարազատներն են կամ մերձավորները: Ձևի համար մեկ-երկու շատ փոքրիկ պարբերություն մեջբերում է արված [Ավետիք Բուդաղյանի հոր] Էմիլ Բուդաղյանի ցուցմունքից: Ոչ մի խոսք չի գնում, որ [գործով մեղադրյալ, ՊԲ հրամանատար, գնդապետ] Արտակ Բուդաղյանը, որը դեպքի մասնակից է եղել, տվել է լայնածավալ ցուցմունքներ: Ցանկացած գործով հնարավոր է հիմնավորել ամեն մի բան, եթե մեջբերես ու գնահատականի արժանացնես միայն կողմերից մեկի ցուցմունքները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր բողոքի հիմքերը մեկնաբանել է Հայկ Ալումյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։