ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, եւ միաժամանակ նրա նկատմամբ միջազգային հետախուզման գործընթաց է ձեռնարկվել: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Որոշումը կայացվել է հուլիսի 12–ին ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից։ Համաձայն որոշման՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։
Հիշեցնենք` նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.–ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երեւանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ: