Քեմբրիջի համալսարանի հնագետները Հուդայի լեռներում հայտնաբերել են հնագույն քարայր, որտեղ ենթադրաբար ծեսեր են իրականացրել նեկրոմանտները, եւ անգամ մարդկային զոհեր են մատուցել իրենց աստվածներին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են բուհի կայքում։
Գիտնականները պեղումներ են կատարել Թե՛օմիմ քարայրում, դրանք տեւել են վեց տարի եւ սկսվել են 2010թ.։ Այդ ընթացքում նրանց հաջողվել է կազմել քարայրի հատակագիծը, ինչպես նաեւ հայտնաբերել հռոմեական ճրագների հավաքածու, զենքեր, խեցե իրեր, ինչպես նաեւ բազմաթիվ մարդկային գանգեր։ Ենթադրվում է, որ գտածոները պատկանում են մեր թվարկության II-IV դարերին։
Հեղինակների խոսքով՝ գտածոները մատնանշում են, որ այս տեղանքում գոյություն է ունեցել նեկրոմանտական պաշտամունք։ Նեկրոմանտիան հունական մշակույթի տարր է, այդ սովորույթը փոխ են առել նաեւ հռոմեացիները, որոնք, գուցե, կատարել են ծեսեր Թե՛օմիմ քարայրում։
Հուդայի լեռները գտնվում են Իսրայելի արեւելքում՝ Երուսաղեմի շուրջ, մինչեւ Հուդայի անապատը, որն իջնում է դեպի Մեռյալ ծով։