Մենք ասում ենք, որ մշակույթը երկրում ռազմավարական ուղղղություն է. եւ երբ սա ասում ենք, մշակույթի գործիչների կողմից լինում է արձագանք, որ պետությունը պետք է ավելի շատ աջակցություն ցուցաբերի: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ լավ, ֆինանսապես աջակցում ենք նոր ներկայացումների ստեղծմանը, հետո ուզում ենք գնալ տեսնել, թե ինչ ներկայացում է ստացվել: Գնում տեսնում ենք, որ շատ լավ ներկայացում է ստացվել, բայց նայում ենք շուրջը եւ տեսնում, որ բացի կառավարության ներկայացուցիչներից ուրիշ մարդ չկա նստած դահլիճում: Բա հանդիսատեսն ո՞ւր է: Ասում են՝ մի մասը չի հասկանում, մի մասը չի ուզում եւ այլն: Այդպես չի լինի, որովհետեւ կառավարությունն այդ միջոցը ծախսում է, որ մշակույթը հասանելի լինի մարդկանց: Շատ լավ աշխատանք է արված, բայց մենք չենք ուզում, որ սա դառնա էլիտար ակումբ, որտեղ հազար հոգանոց դահլիճում 50-100 հոգի են նստում ու վայելում: Մեզ պետք է, որ մշակույթը հասանելի լինի, մարդիկ առնչվեն մշակույթին»,-հայտարարեց Փաշինյանը:


Նա ընդգծեց, որ իրենցից երկար ժամանակ է պահանջվել, որ մշակութային կազմակերպություններին բացատրեն, որ տնտեսվարությունը իրենց գործունեության անբաժան մասն է. «Թատրոնների, համերգասրահների կապիտալ ծախսերը 2022-ին 2017-ի համեմատ աճել է 1032 տոկոսով:

Հիմա մենք ասում ենք՝ հարգելի թատերական կազմակերպություններ, դուք ինչքան տոմս կվաճառեք, մենք դրա կրկնակին պետական բյուջեից կտանք»,-ընդգծեց վարչապետը հավելելով, որ վստահ է, որ այս բանաձեւն աշխատելու է:

Փաշինյանը խոսեց նաեւ թանգարանների մասին՝ նշելով. «Կոնսերվացված հիմնարկից թանգարանը պետք է վերածվի ապրող հիմնարկի: Իսկ այն թանգարանները, որոնք այս տրամաբանության մեջ չեն կարողանում տեղավորվել, մենք այլ որոշումներ կայացնենք: Կամ պետք է վարչական որոշումներ կայացնենք, կամ իրավակազմակերպական ձեւի հետ կապված որոշումներ կայացնենք, կամ պետք է ընդհանրապես թանգարանի գոյության հարցը դիտարկենք: Մեր երկրում թանգարաններ կան, որ օրական մեկ մարդ է մտնում, էդ էլ դեռ հայտնի չէ, մարդ մտնում է, թե ուղղակի ծանոթները ինչ-որ աշխուժություն մտցնելու համար 100 դրամ են տալիս տոմս են առնում: Չի կարելի դա թույլ տալ: Թանգարանը հո պահե՞ստ չի»: