«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության երեկվա նիստում վերջնականապես հաստատվեց, որ Երեւանի ավագանու հերթական ընտրությունը կկայանա սեպտեմբերի 17-ին։ Այսպիսով, հերթական ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ից։ Հայտնի է, որ այս քարոզարշավին լծվելու է ՔՊ ողջ կազմը, եւ խմբակցության պատգամավորներին եւս «բերման են ենթարկելու»՝ դրան մասնակցելու եւ իրենց թեկնածուի քարոզն անելու համար։

Այսպիսով, այս պահի դրությամբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը դեռ չեն հայտարարել ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը։


Հավելենք, որ Երեւանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերի 23-ին, ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018-ի հոկտեմբերի 10-ին. այդ լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 10-ին: Օրենքի դրույթներից ելնելով՝ Երեւանի ավագանու հերթական ընտրությունները նշանակվեցին սեպտեմբերի 17-ին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում