Արցախում վիճակն օրհասական է, իսկ յուրաքանչյուր վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական շարժման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այսօր կան արդեն բազմաթիվ առողջապահական խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից, մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ ու շատերի հետ միակ կապը հեռախոսազանգն է»,- ասաց նա։


Պետնախարարի խոսքով՝ Շուշիի շրջանի գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ ծայրահեղ բոլոր դրսևորումներով։

Մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, իսկ հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակի սնունդ։ Օրեր անց, նրա խոսքով, չեն աշխատելու շտապօգնության մեքենաները։

Պետնախարարի խոսքով, իրենք հույս ունեին, որ միջազգային հանրությունը, Ռոսւաստանը, Հայաստանը վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար. «Բայց պարզվեց, որ բոլորը ընդամենը դիտորդի կարգավիճակով հետեւում են այդ ամենին:

Հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանին ու Ռուսաստանին՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մենք մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք, ուզում եք օրեր առաջ մանկահասակ երկու երեխաների մահվան դեպքի կրկնություննե՞ր, որ խելքի գաք։ Ես ձեզ ասում եմ՝ բավական է»,- հայտարարեց Ներսիսյանը։

Նա անդրադարձավ նաեւ բանակցային գործընթացին՝ նշելով. «Մենք երեք տարի ուշիուշով հետեւում ենք աշխարհի այս կամ այն կետում կազմակերպվող հանդիպումների արդյունքներին, թե ինչպես են իրարից խլում այս կամ այն քննարկման հարթակը, նախաձեռնությունների պայքար տանում, միջնորդական ջանքերի մարտեր տանում: Հետեւում ենք, բայց ոչ արդյունքն ենք տեսնում, ոչ ազդեցությունը՝ զգում: Իսկ երբ այդ հանդիպումներում առաջանում են տարաձայնություններ, եւ հարկ է լինում որեւէ մեկի վր ճնշում գործադրել, ապա մուրճի ողջ հարվածն իջնում է արցախցու գլխին:

Ուզում եմ ձեր բոլոր անունից՝ գոռալ՝ բավական է, բավ է արցախցուն դարձնել ձեր հարաբերությունների կառուցման եւ հակադրությունների կարգավորման մանրադրամ: Բավ է մեր ժողովրդի կյանքի հաշվին Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը»,-հայտարարեց Գուրգեն Ներսիսյանը:

Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:

Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: