Հուլիսի 14-ի առավոտյան Ուրալի էլեկտրաքիմիական կոմբինատի («Ռոսատոմ» պետական կորպորացիայի ձեռնարկություն) արտադրամասերից մեկում տեղի է ունեցել ուրանի միացությամբ բալոնի ապահերմետիկացում, մեկ մարդ տուժել է, տեղեկացրել է ձեռնարկության մամուլի ծառայությունը։

«Իրավիճակը կրում է տեղային բնույթ, ընդգրկում է արտադրական մեկ տեղամասի տարածք։ Արտադրամասի անձնակազմը տարհանվել է, իրականացվում է սանիտարական մշակում։ Ռադիացիոն իրավիճակը ձեռնարկությունում եւ նրա սահմաններից դուրս նորմի մեջ է (միավորված ուրանի ակտիվությունն ավելի փոքր է, քան բնական ուրանի հանքինը)։ Որեւէ վտանգ Նովոուրալսկի բնակիչներին եւ կոմբինատի աշխատողներին չի սպառնում»,- նշվել է «ВКонтакте»-ում տեղադրված հաղորդման մեջ։


Միջադեպի պատճառները պարզվում են, կոմբինատն աշխատում է սովորական ռեժիմով, նշել են մամուլի ծառայությունում։

Ավելի ուշ «Ռոսատոմի» ներկայացուցիչը տեղեկացրել է, որ գործարանի աշխատողը մահացել է մեխանիկական վնասվածքի պատճառով, որն ստացել է ապահերմետիկացման հետեւանքով։ «112»-ը գրել է, որ 65-ամյա աշխատողը ստացել է գլխի վնասվածք, որն անհամատեղելի է եղել կյանքի հետ։

Կոմբինատը զբաղվում է ուրանի հարստացմամբ, որն օգտագործվում է միջուկային էներգետիկայում։ Ձեռնարկությունն աշխարհում հարստացված ուրանի ամենահզոր արտադրողն է։