Հայաստանի Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը տեղի է ունեցել, սեպտեմբերի 18-ի երեկոյան: Ընդունելությանը ներկա էին Իտալիայի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, Հռոմում հավատարմագրված դեսպաններ, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ընդունելությանը ողջունելով ներկաներին, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայկական պետականության վերականգնումը մեր ժողովրդի դարավոր երազանքն էր, ով երկար ճանապարհ է անցել այն նվաճելու համար: Հայ ժողովրդի կամքը ունենալ ազատ եւ ժողովրդավարական երկիր, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման հրամայականը, անցած երկու տասնամյակներում պետականաշինության մեջ արձանագրված հաջողությունները որպես ոգեշնչման աղբյուր են ծառայում աշխարհի միլիոնավոր, այդ թվում Իտալիայում ապրող, հայերի համար, ովքեր իրենց ներդրումն են բերում մեր հայրենիքի զարգացման գործում:

Հայ-իտալական առնչությունները երկու հազարամյակի պատմություն ունեցող դարավոր կապերի կնիքն են կրում, իսկ Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները՝ ընդամենը 21 տարվա պատմություն ունեն: Վերջին երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը ներառում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը, տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը։ Առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ՝ ստորագրված է 30 համաձայնագիր։ Իտալահայ համայնքն իր ներդրումն է բերում երկկողմ բարեկամության ամրապնդման գործում։

Այն, ինչ արվել է վերջին քսան տարիներին մեր համատեղ ձեռքբերումն է եւ մենք հաստատակամ ենք շարունակել համատեղ ջանքերը մեր բարեկամական գործընկերությունն առավել ամրապնդելու նպատակով»: