«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ասկերանի իր տանը ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը։ Նշենք, որ Բալասանյանին ձերբակալել են փաշինյանական «մասկի շոուի» բոլոր «կանոններով»՝ բռնի կերպով բերման ենթարկելով: Նա ձերբակալվել է հարուցված քրեական գործի շրջանակներում Բալասանյանի տանն իրականացված խուզարկության պահին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով:
Ինչ վերաբերում է բուն քրեական գործին, ապա նշվում է, որ Բալասանյանը որդու անունով գյուղատնտեսական վարկեր է վերցրել, ու «նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս»։Ինչպես հայտնում է թերթի արցախյան աղբյուրը, հիշյալ գյուղվարկերից օգտվել են նաև Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատի մի շարք ներկայացուցիչներ, բայց «ուշագրավ» է, որ իրավապահները խնդիր ու հանցակազմ տեսել են միայն Բալասանյանի պարագայում։ Ինչպես նշում են Արցախում, գործ ունենք ընտրողական մոտեցման հետ, երբ իրավապահները խնդրին մոտենում են՝ ըստ ճաշակի։
Թերթի տեղեկություններով, Արցախում գործող փաշինյանական թևը, մշտապես ՀՀ իշխանության աջակցությունն ու անվերապահ հովանավորությունն ունենալով, Արցախի իշխանություններին ու իրավապահներին պարբերաբար կոնկրետ քաղաքական ցուցումներ է տալիս ըստ Փաշինյանի քիմքի. Բալասանյանի հետ տեղի ունեցածը հենց այդ շարքից է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում