Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում որոշեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները կրում են ջերմ, համագործակցային բնույթ։ Դրանք ունեն նաև պատմական արմատներ, քանզի Ուրուգվայը առաջին երկիրն էր, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց հայոց ցեղասպանությունը։ Պակաս կարևոր հանգամանք չէ Ուրուգվայում առկա ազդեցիկ հայ համայնքը, որը կարևոր դեր է խաղում այդ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում։


2019 թվականի օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչությունը (գլխավոր հյուպատոսության, իսկ 2021 թվականի հոկտեմբերից դեսպանության մակարդակով)։

Հարավային Ամերիկայում Ուրուգվայը տնտեսապես ամենակայուն և ամենաակտիվ զարգացող երկրներից մեկն է, որի հետ առկա են համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտներ, ի թիվս բարձր տեխնոլոգիաների, կրթության և առողջապահության, առևտրատնտեսական բնագավառների:

Հարավային Ամերիկայում գործում է ՀՀ երկու դեսպանություն, որոնք գտնվում են Բուենոս Այրեսում և Բրազիլիայում և հավատարմագրված են 4-5 երկրում: Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը հնարավոր կդարձնի նաև տարածաշրջանի այլ երկրների հետ ավելի ակտիվ երկխոսության ծավալումը, հայ համայնքի ակտիվ ներկայությունը և նրա ազդեցությունը Ուրուգվայի սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքում:

Բացի այդ, առկա է Թուրքիայի և Ադրբեջանի ընդգծված հետաքրքրություն Ուրուգվայում և տարածաշրջանում, որոնք բավական մեծ հետաքրքրություն են սկսել ցուցաբերել տարածաշրջանի հանդեպ՝ ներկայացնելով տարբեր գործարար, ներդրումային ծրագրեր: 2014թ. Մոնտեվիդեոյում բացվել է Ադրբեջանի դեսպանության գրասենյակ: 2021թ. բացվել է Թուրքիայի դեսպանությունը:

Արտաքին գործերի նախարարությունը 2023թ. իր բյուջետային հայտում ներկայացրել է Ուրուգվայում դեսպանություն բացելու և գործունեություն ծավալելու նախահաշիվ, որը ապահովվել է: Հետևաբար, 2023 թ. բյուջեում արդեն իսկ նախատեսված են Ուրուգվայում դեսպանություն բացելու համար անհրաժեշտ միջոցներ: