Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքացիներ և այլ մտահոգ մարդիկ սեպտեմբերի 21-ին ժամը 16-ին կազմակերպում են «Վերահաստատենք մեր անկախությունը» անվամբ երթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեցին նախաձեռնության կազմակերպիչներ և անդամներ Կարեն Թովմասյանը, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը և քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը:

«Երթի ծրագիրը և հետագա շարունակական լինելը ճշտվում է», - նշեցին նրանք:
Կ. Թովմասյանի խոսքերով, Հայաստանը չի կարող միանալ այնպիսի միության, որը հակասում է Հայաստանի շահերին:

Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանն էլ իր խոսքում նշեց, որ անկախության օրը միշտ սահմանափակվում է միայն համերգներով, որը ճիշտ չէ: «Անկախության օրը դուրս են գալիս փողոց ու նշում են Նունե Եսայանի համերգով կամ փուչիկներով: Մենք կոտրելու ենք այս կարծրատիպը և վերաձևավորենք անկախության օրը»:

Նրանց տարածած հայտարարության մեջ գրված է. «Գիտակցելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող իրական վտանգը, կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին ժամը 16-ին դուրս գալ փողոց և վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետության մեջ ապրելու 22 տարի առաջ կայացված որոշումը:

Մենք մերժում ենք Սերժ Սարգսյանի կողմից ընդունված որոշումները կամ հայտարարությունները, որոնք հակասում են 1990թ. ՀՀ անկախության մասին հռչակագրին եւ 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և որևէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից:

Հստակ հասկանալով մեր պետականության գլխին կանգնած սպառնալիքը, Անկախության երթին միացած տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի անդամներս կամ համակիրներս, պատրաստակամություն ենք հայտնում մի կողմ թողնել մեր միջխմբային եւ գաղափարական հակասություններն ու անհամաձայնությունները, լծվելու համար մեր հայրենիքի ինքնիշխանության համար վերսկսվող պայքարին:

Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող միանալ որևէ միության, որը կհակասի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Անկախությունը անսակարկելի է, եւ մեր որոշումը` անբեկանելի»: