Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ ոչ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և ոչ էլ երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը չպետք է 2024 թվականին հավակնեն նախագահի պաշտոնին, վկայում են YouGov հետազոտական ընկերության և Yahoo News լրատվական պորտալի համատեղ հարցման տվյալները։
Ուսումնասիրության տվյալների համաձայն, հարցմանը մասնակցած ամերիկացիների 55%-ը կարծում է, որ Բայդենը չի համապատասխանում ԱՄՆ նոր նախագահի դերին, 53%-ը նույնն ասում է Թրամփի մասին։
Նախագահ լինելու համար Բայդենի անպիտան լինելու պատճառների մասին խոսելիս, հարցման մասնակիցների 20%-ը նշել է նրա անձեռնհասությունը, 12%-ը կարծում է, որ նա «չափազանց ծեր է», 10%-ը խոսում է նրա կոռումպացված լինելու մասին, 9%-ը ներկայիս նախագահին քննադատում է նրա համար, որ վատ է կատարում իր աշխատանքը, ևս 3%-ը կարծում է, որ նա պարզապես վտանգավոր է։
Թրամփի դեպքում այս պատճառաբանությունները փաստորեն հակառակ դասավորություն են ստացել․ նրան չսիրողների 21%-ը կարծում է, որ նա վտանգավոր է, 17%-ը խոսում է նրա կոռումպացված լինելու մասին, 6%-ը նշում է նրա անձեռնհասությունը, 5%-ը հայտարարում է, որ նախագահական առաջին ժամկետում նա վատ է կատարել իր աշխատանքը։ Հատկանշական է, որ հարցվածների միայն 2%-ն է կարծում, որ նա չափազանց ծեր է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, թեև Թրամփը գրեթե 4 տարով է փոքր Բայդենից։
Հարցումն անցկացվել է հուլիսի 13-17-ը, դրան մասնակցել է 1638 չափահաս ամերիկացի։ Ընտրողականությունն իրականացվել է սեռի, տարիքի, ռասայի, կրթության համապատասխան։ Սխալանքը կազմում է մոտավորապես 2,7%։