ՀՀ-ի` Մաքսային միությանը միանալու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ձևավորել բանակցային փաթեթ և իրականացնել նախապատրաստական աշխատանքներ բանակցային գործընթացին պատրաստվելու նպատակով:

Նշենք, որ երեկ վարչապետի որոշմամբ ստեղծվել է յոթ աշխատանքային խմբեր, որոնք պետք է իրականացնեն համապատասխան աշխատանքներ:

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ այդ յոթ աշխատանքային խմբերին, նշելով, որ այդ խմբերն աշխատելու են և նախապատրաստելու են բանակցային գործընթացներ:

«Առաջինը՝ ընդհանուր իրավական խումբն է, որը ընդհանուր պայմանագրի դրույթներն է քննարկելու, թե ինչպես կարող ենք միանալ Մաքսային միությանը, իրավական ինչ ճանապարհով, երկրորդը՝ սակագնային կարգավորման հետ կապված հարցերն է քննարկվելու, քանի որ գիտենք, որ մաքսային տարիֆները տարբեր են: Երրորդը՝ տարիֆային կարգավորման հետ է կապված լինելու, այն տեխնիկական բարիերների մասին, որոնք կարող են վերացվել կամ պետք է վերացվեն: Չորրորդը՝ տեխնիկական կարգավորման խնդիրներն են, քանի որ դրանք Մաքսային միությունում և մեզ մոտ տարբեր են: Հինգերորդը՝ մաքսային և հարկային հարցերն են, քանի որ Մաքսային միությունում կա մաքսային կոդեքս, որին պետք է միանանք: Վեցերորդը՝ Մաքսային միության ենթակառուցվածքների, մասնավորապես մաքսային գործունեություների հետ կապված ենթակառուցվածքների ուսումնասիրությունն է լինելու, քանի որ մենք միասնական տեղեկատվական տարածքում ենք գտնվելու, իսկ յոթերորդը՝ մրցակցության հետ կապված խումբն է»,-իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ ք հնարավոր է համատեղել ԵՄ-ն և ՄՄ-ի հետ համագործակցությունը, փոխնախարարը պատասխանեց. «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հնարավոր է համագործակցությունը և այն լինելու է շարունակական, մենք պետք է ուղղակի այնպես անենք, որ մեր համագործակցությունները չավարտվեն»:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ ք մենք արդեն կորցրել ենք ԵՄ-ին միանալու մեր շանսը, Կ. Մինասյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ Մաքսային միությանը միանալը շատ ավելի ճիշտ է, չէի հայտարարել, քանի որ դա պետք էր վերլուծել և հասկանալ այն հնարավորությունները, որոնք ստեղծում է մեր ինտեգրման այս կամ այն մոտեցումը»: