Այո, խաղաղապահներն Արցախում են, բայց իրենք խաղաղություն պարտադրողներ չեն, իրենք խաղաղությունը պահպանողներն են, դրա համար, երբ գալիս է պարտադրանքի խնդիրը, իրենք անմիջապես տեղում դա չեն կարողանում անել: Այս մասին  հետ զրույցում նշեց Արցախի նախկին ԱԳ նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այդ դեպքում ամեն ինչ արագ քաղաքականացվում է, աշխարհաքաղաքական բնույթ է ստանում եւ այլն:

«Բայց հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, որ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններն այնքան վատ են, որ դժվար թե մենք այստեղ ունենանք ինչ-որ շոշափելի զարգացում»,-ասաց նա:


Անդրադառնալով նրան, որ առաջարկվում է ռուս խաղաղապահներին փոխարինել այլ խաղաղապահներով, որոնք կունենան ՄԱԿ-ի մանդատը, Բաբայանն ասաց. «Ամեն մեկն ազատ է իր առաջարկները ներկայացնելու, ես ուղղակի մտածում եմ, որ էքսպերիմենտների չենթարկենք, հենա կան էլի ռուս խաղաղապահները, ինչի՞ համար նորից սկսենք այս ամենը: Կարո՞ղ է, որ ուրիշները գան, ավելի լավ են անելու, եթե չունենան մանդատ: Եթե մանդատի խնդիրն է, եկեք մանդատը տանք խաղաղապահներին, եթե այլ հարցեր կան, սա էքսպերիմենտների դաշտ չէ: Մենք շատ քիչ ժամանակ ունենք, որ կարողանանք Արցախը փրկել: Շատ կարճ ժամանակում կարող են լինել անդառնալի փոփոխություններ, հանկարծ չմտածեք, որ սա շոու է:

Ընդհանրապես, իրավիճակն այնպիսին է, որ մենք տեսնում ենք, որ որոշ աշխարհաքաղաքական ուժեր արագացնում են գործընթացները, պետք է կարճ ժամանակում այնպես անենք, որ կայուն մի իրավիճակ ստեղծվի, որ գոնե Արցախը պահպանվի: Սա է խնդիրը»,-ասաց նա: