Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council) գագաթնաժողովին:
ECAM-ի ամենամյա բազմակողմ գագաթնաժողովի նպատակն է՝ համախմբել քաղաքական և մասնագիտական ոլորտների տարբեր առաջնորդների՝ կառուցողական վերլուծության, մտքերի փոխանակման և տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղիներ գտնելու համար: Գագաթնաժողովը կազմակերպվել է Իտալիայում տեղակայված Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի հետ համատեղ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցառման շրջանակում:
Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով:
«Նախ և առաջ, թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել կազմակերպիչներին, մասնավորապես՝ Ամբրոզետտի կենտրոնին, ամենանշանավոր ուղեղային կենտրոններից մեկին, այսօրվա կարևոր և պատեհաժամ միջոցառումը կազմակերպելու, ինչպես նաև առհասարակ իր առաքելության համար՝ խթանելու տարբեր տարածաշրջանների միջև կառուցողական երկխոսությունը, նոր փոխգործակցությունները և ամուր համագործակցությունը։
Իր հիմնադրումից ի վեր գագաթնաժողովը համախմբել է պետությունների ղեկավարների, կառավարությունների անդամների, Նոբելյան մրցանակակիրների և գործարարների՝ քննարկելու աշխարհի կայուն զարգացման ամենահրատապ մարտահրավերների լուծումները: Եվ այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ինձ համար առանձնապես հաճելի է հնարավորություն ունենալ հենց այս ամբիոնից դիմելու հարգարժան ներկաներին իմ երկրի համար դժվարին ժամանակաշրջանում:
Քանի որ մենք այսօր գտնվում ենք այստեղ՝ Հռոմում, ես կցանկանայի հակիրճ անդրադառնալ Հայաստանի և Իտալիայի միջև երկարամյա հարաբերություններին։ Մեր երկու ժողովուրդները պատմական, մշակութային և տնտեսական կապեր ունեն, որոնք դիմակայել են ժամանակի փորձությանը: Իտալիան արժեքավոր գործընկեր է եղել Հայաստանի համար, և մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև առկա բարեկամական կապերը:
Տիկնայք և պարոնայք,
Այսօրվա կարևոր միջոցառման խորագիրը՝ «Փոփոխություններն այսօր՝ հանուն վաղվա բարեկեցիկ մոլորակի» և դրա նպատակը լիովին համահունչ են Հայաստանին։ Ինչպես տեղյակ եք, հայ ազգը ներկայումս շարունակում է պայքարել մեր տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար, և երկրի ղեկավարությունն անկեղծորեն հավատարիմ է այդ վեհ նպատակն առաջ մղելուն: Նման հանձնառությունը հավակնոտ, սակայն անհրաժեշտ նպատակ է մեր տարածաշրջանի և աշխարհի համար այս խռովալից ժամանակներում:
Անդրադառնալով պարենային անվտանգության կայունությանը, ես կցանկանայի ընդգծել, որ այն ցանկացած հասարակության անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն որոշիչ դեր է կատարում բնակչության անվտանգության և կենսամակարդակի բարձրացման հարցում։
Միևնույն ժամանակ, մենք պետք է այսօրվա օրակարգը դիտարկենք աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումների ավելի լայն համատեքստում։ Իմ երկիրը չափազանց զգայուն է պարենային անվտանգության խնդիրների նկատմամբ՝ հատկապես այսօր, երբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը առերեսվում է իր հայրենիքում սննդի պակասի մարտահրավերին և դժվարություններին: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրըստօրե վատթարանում է։ Շուրջ 8 ամիս է, ինչ բնակչությունը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով։
Լեռնային Ղարաբաղում առկա է Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումների իրական վտանգ, և հրատապ անհրաժեշտություն կա լուծելու Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակչության հիմնարար իրավունքների և անվտանգության խնդիրները։ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղին սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման բոլոր ուղիները։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի, իրական առումով պարտադիր որոշումներին՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ վայելելով լիակատար անպատժելիություն։
Թույլ տվեք տրամադրել որոշ տվյալներ, որպեսզի ավելի հստակ ներկայացնեմ, թե ինչպես է զարգացել իրավիճակը վերջին ամիսներին.
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավական առումով պարտադիր որոշում արձակեց Ադրբեջանի դեմ՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժն ապահովելու համար։
Ի հեճուկս այս որոշման՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդկերպ կատարում է դատարանի որոշումը։
Հունիսի 15-ին Ադրբեջանը ավելի հեռուն գնաց՝ ամբողջությամբ արգելափակելով միջանցքը՝ արգելելով ցանկացած մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ մարդասիրական, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքը։
Հուլիսի 6-ին ՄՔԴ-ն արձակեց ևս մեկ հրաման՝ վերահաստատելով իր նախկին որոշումը և Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունը՝ ձեռնարկելու իր տրամադրության տակ եղած բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, և հետևաբար, անհապաղ դադարեցնելու իր անցակետի շահագործումը, քանի որ դա անտարակույս ոտնահարում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքները՝ հանդիսանալով սահմանված խտրականություն:
Հումանիտար տեսանկյունից ամենահրատապը էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրներն են, ինչպես նաև առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարումը։ Ցանկանում եմ ձեզ ներկայացնել որոշ փաստեր և թվեր, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացնել իրավիճակը տեղում։
2023 թվականի հունվարի 9-ից Ադրբեջանը խափանել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ գծով։ Ամեն օր տեղի են ունեցել վեցժամյա հոսանքազրկումներ, գրեթե 50%-ով նվազել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչպես նաև արձանագրվել է տեղական էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման միջոցների սպառում։
2022 թվականի դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը պարբերաբար, իսկ մարտի 21-ից՝ գրեթե շարունակաբար, դադարեցնում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ միակ գծով գազի մատակարարումը, դրանով իսկ խորացնելով էներգետիկ և հումանիտար ճգնաժամը։
Վառելիքի և այլ հիմնական ռեսուրսների առկայության նվազման և Հայաստանից մատակարարումների ամբողջական ընդհատման պատճառով գյուղատնտեսական գրեթե բոլոր աշխատանքները, ինչպես նաև տնտեսության այլ ճյուղերի գործունեությունը կանգ են առել:
Ավելին, տրանսպորտային համակարգը նույնպես կաթվածահար է եղել, հանրային տրանսպորտը, այդ թվում՝ միջհամայնքային, առաջիկա օրերին կդադարի գործել, մինչդեռ մասնավոր տրանսպորտը վաղուց է կանգ առել։ Վառելիքի սուր սղության պատճառով մայրաքաղաք Ստեփանակերտի ներքին հանրային տրանսպորտը գործում է միայն 2 ավտոբուսով, որոնք սպասարկում են ավելի քան 60 հազար մարդու։
Կապված հենց այսօրվա քննարկման թեմայի՝ պարենային անվտանգության հետ, թույլ տվեք ընդգծել, որ.
Հունիսի 15-ից ի վեր մարդասիրական բոլոր մատակարարումների դադարեցումը, զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործման հետ, հանգեցրել է սննդի սուր պակասի և խանութների փակմանը: Մինչև շրջափակումը, սպառված սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, և ամեն անցնող օր Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ։
Ավելին, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գյուղատնտեսական գործունեությունը շփման գծին հարող մոտ 10,000 հեկտար հողատարածքում, որը կազմում է ընդհանուր մշակվող հողերի զգալի մասը:
Արդյունքում այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է սովի ու սովամահության եզրին։
Ապօրինի շրջափակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այլ հիմնարար իրավունքների ոտնահարման, այդ թվում՝
Առողջապահության իրավունքը, քանի որ վառելիքի բացակայության պատճառով տուժում է նաև առողջապահական համակարգի աշխատանքը՝ հաճախ չկարողանալով կազմակերպել հիվանդների նույնիսկ շտապ տեղափոխումը տեղական հիվանդանոցներ։ Ամենօրյա հոսանքազրկումները և վառելիքի պակասը լրջորեն ազդել են բժշկական սարքավորումների շահագործման վրա՝ հանգեցնելով առողջապահական ծառայությունների ծավալի և որակի նվազմանը։
Դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասը, զուգորդված հիվանդներին Հայաստան տեղափոխելու արգելքի հետ, աճող վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։
Հիմնական սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձինք պայքարում են թերսնման պայմաններում գոյատևելու համար:
Խրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, այդ թվում՝ 4687 շաքարային դիաբետով և 8450 արյան շրջանառության հիվանդություններ ունեցողներ անձինք, մնացել են գրեթե առանց որևէ դեղորայքի:
Դեղատների դարակները լրիվ դատարկ են, անկարող են անգամ առաջին բուժօգնություն ցուցաբերել։
Պարոն նախագահ,
Այս հումանիտար աղետի առջև մենք չենք կարող լուռ և անտարբեր մնալ, այլ պետք է գործենք վճռականորեն և առանց հապաղելու՝ կանխելու վերահաս ողբերգությունը։ Բոլոր ազգերը պետք է մերժեն կյանքի և կայունության համար անհրաժեշտ ռեսուրսների բռնազավթումը: Սա ընդհանուր սպառնալիք է, որը համաշխարհային հանրությունը պետք է քննարկի և առերեսվի դրա հետ:
Մեր տարածաշրջանից դուրս իրավիճակն ավելի բարվոք չի թվում, ինչը վկայում է, որ խաղաղության և բարի կամքի ճանապարհը դեռ երկար է։ Մարդիկ պետք է կարողանան ապրել և ստեղծագործել արագ զարգացող և նեղացող աշխարհում, որտեղ պատերազմներն ու ագրեսիաները տեղ չունեն։
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանն ունի յուրահատուկ աշխարհառազմավարական նշանակություն՝ բնականորեն կամուրջ ծառայելով երկու մայրցամաքների միջև։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը մեր կառավարության օրակարգի առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում։ Ցանկանում եմ ներկայացնել Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում տարածաշրջանային կապի ապահովմանն ուղղված ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։ Հայաստանը միշտ ընդունել է այս հայեցակարգը՝ գիտակցելով այն հսկայական ներուժը, որն այն ունի տնտեսական աճի խթանման, մշակութային փոխանակման և խաղաղության խթանման համար: Մեր տեսլականը ենթադրում է հայկական խաչմերուկ, որը վեր է քաղաքական բարդություններից՝ խթանելով ազգերի միջև համագործակցությունն ու գործընկերությունը:
Սակայն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի չհիմնավորված պահանջների հետ մեկտեղ խոչընդոտներ են ստեղծում այս և այլ կարևոր նախագծերի իրականացման համար։ Մենք համոզված ենք, որ բաց և հուսալի հաղորդակցման ուղիները կենսական նշանակություն ունեն ազգերի միջև փոխըմբռնման, վստահության և համագործակցության ապահովման համար, և մենք հաստատակամորեն պաշտպանում ենք կառուցողական երկխոսության և խաղաղ բանակցությունների հավատը՝ որպես հակամարտությունների լուծման և տարածաշրջանային առաջընթացի խթանման միջոց:
Ավելին, ես կցանկանայի անդրադառնալ այն քայլերին, որոնք Հայաստանը ձեռնարկել է պարենային անվտանգության, խելացի գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների ուղղությամբ։ Մենք հանձնառություն ենք ստանձնել ապահովել, որ մեր երկիրը ոչ միայն բավարարի իր ներքին պարենային պահանջները, այլև դառնա բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի հուսալի մատակարար:
Նորարարությունների, տեխնոլոգիաների և կայուն գյուղատնտեսական պրակտիկաների միջոցով մենք ամրապնդում ենք մեր գյուղատնտեսության ոլորտը, որն առանցքային դեր է խաղում մեր տնտեսական զարգացման և միջազգային հեղինակության հարցում:
Ուրախ եմ տեղեկացնել, որ անցած ամիս Հայաստանի կառավարությունը հաստատել է 2023-2026 թվականների մեր երկրի պարենային անվտանգության համակարգի բարելավմանն ուղղված ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը։
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանի ժողովրդավարությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է, և մենք հաստատակամ ենք ամեն կերպ պաշտպանելու այն իմ երկրի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ։
Մենք ձգտում ենք խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ միաժամանակ ունենալով միջազգային հանրության աջակցությունը, որը կլինի ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի կողքին։
Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանային հաղորդակցությանը, կայուն էներգետիկ զարգացմանը, պարենային անվտանգությանը և տնտեսական աճին հետամուտ լինելուն:
Եվ, ի վերջո, մենք փնտրում ենք գործընկերություն և աջակցություն միջազգային հանրությունից՝ իրականացնելու մեր տեսլականը և նպաստելու բարգավաճ ու խաղաղ աշխարհին:
Եզրափակելով՝ ևս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում Ամբրոզետտիի կազմակերպիչներին, այս հարթակը տրամադրելու համար»։