Երեքշաբթի ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի բարձրաստիճան դիվանագետները քննարկել են հյուսիսկորեական հերթական հրթիռի արձակումը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Հեռախոսազրույցներին մասնակցել են Ճապոնիայի ԱԳՆ Ասիայի և Օվկիանիայի դեպարտամենտի ղեկավար Տակեհիրո Ֆունակոշին, ԿԺԴՀ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը և Կորեական թերակղզում Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիմ Գոնը։

Կողմերը համակարծիք են եղել, որ Փհենյանի շարունակվող հրթիռների արձակումը «լուրջ և անմիջական սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար և լուրջ մարտահրավեր է միջազգային հանրության համար»: Դիվանագետները վերահաստատել են եռակողմ ձևաչափով սերտ համագործակցությունն ամրապնդելու իրենց պատրաստակամությունը։

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկուշաբթի երկու բալիստիկ հրթիռ են արձակել։ Ճապոնիայի ռազմական գերատեսչության տվյալներով՝ հրթիռները թռել են 350-ից 400 կմ՝ ընկնելով Ճապոնական ծովը՝ երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ ԿԺԴՀ-ի ներկայիս հրթիռային արձակումը 14-րդն էր 2023 թվականի սկզբից ի վեր։