Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Կարոտում եմ Հենրիխին։ Նա մեծ մարդ է, նրանից ամեն ինչ կարելի է սովորել՝ մարդկային եւ ֆուտբոլային տեսանկյուններից։ Հիմա իմ եւ հավաքականի մյուս փորձառու խաղացողների վրա մեծ պատասխանատվություն է դրված։
Մխիթարյանի հետ միշտ կապ կա։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի հանդիպումներից առաջ գրել եմ նրան, հաջողություն եմ մաղթել։ Հետո չգրեցի, պարտվել էին, անհարմար էր։
Թեեւ Հենրիխ Մխիթարյանը այլեւս հավաքականում չէ, բայց նա պարբերաբար գրում է բոլոր ֆուտբոլիստներին, հետաքրքրվում է, թե ինչպես են գործերը։ Նա մեզ ավելի շատ ուշադրություն է դարձնում, քան մենք՝ նրան»,- Բայրամյանի խոսքը մեջբերում է Sport24-ը։
Մխիթարյանը կարիերան հավաքականում ավարտել է 2022թ․ մարտին։