Ես չեմ ցանկանում նման սցենար ընդհանրապես քննարկել, որովհետև իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն: Այդ մասին մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե Լեռնային Ղարաբաղում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, ո՞րն է լինելու ՀՀ-ի գործողությունը, արդյոք մենք ռազմական միջամտություն կցուցաբերենք, թե կսահմանափակվենք դիվանագիտական աշխատանքով, հաշվի առնելով, որ վարչապետի խոսքով, «քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, պատերազմի հավանականությունը շատ մեծ է»:

«Իմ այսօրվա ասելիքի հիմնական ուղերձը դա էր: Դուք մեջբերում եք իմ ասածից, որ քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, պատերազմի հավանակությունը շատ մեծ է... սա ֆիքսենք, և մյուս կողմից հարցը, որ կա շարժում, որ ՀՀ վարչապետին արգելենք խաղաղության պայմանագիր ստորագրի: Այս երկու հասկացությունների բալանսն էլ եմ ուզում, որ հասկանանք: Բայց ընդհանուր առմամբ, եղել են դեպքեր, չեմ ուզում շատ վատ օրինակներ բերել, հազար ներողություն ոչ մի կոնկրետ զուգահեռ ի նկատի չունենալով: Խորհրդային միությունն ու Գերմանիան միմյանց հետ խաղաղության պայմանագիր ստորագրեցին, հետո կարճ ժամանակ անց պատերազմ սկսվեց, և նման իրավիճակներ պատմության ընթացքում եղել են: Նաև սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ մենք չենք պատրաստվում ցանկացած փաստաթուղթ, որի վերևը գրված է խաղաղության պայմանագիր տակը ստորագրենք: Դա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կապահովի խաղաղություն, կամ ապահովելու հնարավորինս մեծ շանսեր ունենա: Հակառակ դեպքում, վաղուց ստորագրել էինք խաղաղության պայմանագիրը, առանց նրբությունների մեջ խորանալու, թե որքանով է ապահովվում խաղաղությունը: Եթե նույնիսկ այդ խաղաղության պայմանագիրը պայմաններ է ստեղծելու, որ մեկ կամ երկու տարի խաղաղություն լինի, դա էլ ճիշտ տարբերակ չի: Չնայած մյուս կողմից էլ պետք է հետևյալն արձանագրել, որ ոչ միայն հենց բուն խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլև դրա իրականացումը, դրա իրականացման մեխանիզմները և... ցանկացած պայմանագիր ունենում է տարընթերցումներ, տարընթերցումների հասցեագրման հստակ մեխանիզմների գոյությունը, այդ դեպքում, որ կապահովի խաղաղությունը: Եւ, ի վերջո, նույնիսկ այդ պարագայում կարող է չապահովվել խաղաղություն: Որովհետև, եթե կողմերից մեկն անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, ատելության քարոզ ա տանում, դա էլ խաղաղությանը նպաստող գործոն չէ, որովհետև այդ ատելության մթնոլորտում այդ խաղաղության պայմանագիրը կարող է չգործել: Իմ այսօրվա ասելիքի նրբությունը որն է, որ ոչ միայն սա ֆիքսենք, այլև փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել այդ հարցերը լուծելու հաար: Ոչ թե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ մեկ է ոչինչ չի ստացվի, եկեք ոչ մի բան չանենք, այլ մաքսիմալը անենք և հավատանք, որ կարող ենք այդ արդյունքին հասնել, որ այդ աշխատանքն անիմաստ չլինի, և այսպես ասած, խորհրդավոր չլինի, դավադրական չլինի: Խաղաղության պայմանագրի բացակայությունը կրկնապատկում է պատերազմի հավանականությունը»,- ասաց Փաշինյանը: