Օրերս Երևանում կայացել է REST-HOTEL HoReCa Expo 2023 եվրասիական ցուցահանդեսը, որի գլխավոր գործընկերն Էլոլա ընկերությունն է։


«Horeca Holding ընկերությունը 2017թ․-ից կազմակերպում է հյուրանոցառեստորանային ոլորտին վերաբերվող լայնամաշտաբ ցուցահանդեսներ։ Սա 6-րդ եվրասիական ցուցահանդեսն է և մենք ունենք մասնակից ընկերություններ ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես՝ ՌԴ-ից և Բելառուսիայի Հանրապետությունից»,- Yelaket.am-ի հետ զրույցում ասել է Horeca Holding-ի կոմերցիոն բաժնի տնօրեն Անյա Վարդանյանը՝ շարունակելով,- «Սա լայնամաշտաբ հնարավորություններով լի հարթակ է, որտեղ մեր մասնակից ընկերությունները կարող են շահավետ համագործակցություններ ձեռք բերել հենց Horeca ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մենք այստեղ ունենք նաև մի շարք մասնակից ընկերություններ, որոնք մեզ հետ առաջին անգամ են համագործակցում, այդ թվում նաև մեր գլխավոր գործընկերը՝ Էլոլա կաթնամթերքը, իրենք էլ նոր ապրանքատեսականի ունեն, որով հիմնականում շա հետաքրքրված են Horeca ոլորտի խոհարարները»։

Էլոլա ընկերությունը պանիր և կաթնամթերք արտադրող ընկերություն է, որը գտնվում է Սյունիքի մարզում՝ Վերիշենում։ Ընկերության վաճառքի պատասխանատու Վահագն Վարդանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Էլոլա-ն ունի պանրի շատ բազմազան տեսականի և կաթնամթերքի գրեթե բոլոր տեսակները՝ սկսած թթվասերից վերջացրած ռեժան, քամած մածուն, կաթով։

Վահագն Վարդանյանն ասել է․ «Նման ցուցահանդեսներն ընկերություններին տալիս են նոր շուկաներ, նոր ծանոթություններ, նոր գործընկերներ, նոր հաճախորդներ։ Horeca ոլորտին մենք առաջարկում ենք մեր պանրի նոր տեսականին, որը կոչվում է Cheeser's՝ բաստուրմայով պանիրը, արտադրում ենք մեր էքսքլյուզիվ Բրունի պանրատեսակը, նախատեսում ենք նոր արտադրանք մտցնել՝ կաթնաշոռային պանիր և բնական պայմաններում ստացված, բնական բորբոսով պանիրը»։

REST-HOTEL HoReCa Expo 2023-ին մասնակցել են հյուրանոցառեստորանային ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, որոնց նպատակն է առավել սերտ համագործակցային դաշտ ստեղծել։ Ի դեպ, բոլոր մասնակիցների մասին ինֆորմացիան նաև լույս է տեսնում Horeca Magazine Armenia ամսագրում, որի արդեն 3-րդ թողարկումն է լույս տեսել։
Խոսելով Էլոլայի առավելությունների մասին ընկերության վաճառքի պատասխանատուն նշեց․ «Էլոլա ընկերությունն այն եզակիներից է Հայաստանում, որն իր ամբողջ արտադրանքն ստանում է միմիայն բնական կաթից, որը մենք վերցնում ենք Սյունիքի մարզի ֆերմերային տնտեսություններից, իսկ նրանք կաթը ստանում են Սյունիքի մարզի ալպիական մարգագետիններից, դրան գումարվում է Սյունիքի մաքուր քաղցրահամ ջուրը, ստացվում է Էլոլա բարձրակարգ պանիր և կաթնամթերք, որն իր համով և որակով տարբերվում է մնացած մյուս բոլոր կաթնամթերքներից»։
Վերջինս խոսքը եզրափակեց՝ ասելով, որ ընկերությունը միշտ պահել է որակը, ավանդույթները ու շարունակում է նույն ձև աշխատել։