«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բազմիցս գրվել է, որ նախկին նախարար Արսեն Թորոսյանի ու թիմակիցների շփումները դարձել են խիստ ձեւական եւ սառը: Շատերը նույնիսկ խուսափում են աշխատանքային կապեր պահպանել վերջինիս հետ՝ վախենալով, որ այն կարող է վատ հետեւանքներ ունենալ իրենց համար:
Իշխանության վերին էշելոններում համառորեն լուրեր են պտտվում, որ առկա են որոշակի տեղեկություններ, համաձայն որոնց՝ Թորոսյանի՝ նախարար աշխատած ժամանակ, ամենայն հավանականությամբ, covid 19-ի ֆինանսական հոսքերից բավական պատկառելի գումար է մսխվել, ապա դրա զգալի մասը դուրս է բերվել երկրից՝ ներդրվելով առողջապահական բիզնեսում: Մեզ փոխանցեցին, որ Թորոսյանի նախկին տեղակալի՝ Գեւորգ Սիմոնյանի կալանավորումը եւ Քովիդի գործով ուժայինների ակտիվությունը հենց այս գործի շրջանակներում էր: Թե որքանով են տվյալ լուրերը հավաստի, ու թե ինչքանով է Թորոսյանն ուղղակի կամ անուղղակի առնչվում այս ամենին, դժվար է ասել: Արսեն Թորոսյանի հետ ժամանակին մտերմիկ հարաբերություններ ունեցած անձանցից մեկը մեզ փոխանցեց, որ նրա երազանքն է լքել երկիրը ու աշխատանքի անցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
Ըստ նույն աղբյուրի՝ Թորոսյանը հիմա ամեն ինչ անում է, որ դուր գա ԱՀԿ-ի բարձր ղեկավարությանը, նույնիսկ իր քայլերը տարբեր ճանապարհներով փորձում է հասցնել ԱՀԿ գլխադասային գրասենյակ. չի բացառվում, որ նրա քայլերը նույնիսկ ուղղորդված են դրսից: Ըստ այդմ՝ ստացվում է, որ, հանուն սեփական կարիերայի կամ սեփական անվտանգության ապահովման, Թորոսյանը կարող է անել քայլեր, որոնք չեն բխում ՀՀ շահերից: Իսկ թե որտեղ կհայտնվի Թորոսյանը եւ երբ, ցույց կտա ժամանակը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում