Ադրբեջանում հայկական ԶԼՄ-ների տեղեկություններն Արցախ հումանիտար օգնության շարասյուներ ուղարկելու մասին շտապել են գնահատել որպես «սադրանք»։
Ինչպես տեղեկացրել է Turan-ը, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը «հայկական կողմին կոչ է արել ձեռնպահ մնալ նման գործողություններից, որոնք հետապնդում են սադրանքի նպատակ եւ ծառայում են իրավիճակի սրմանը»։ «Մեկք անգամ եւս հայտարարում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը հնարավոր սադրիչ գործողությունների համար լիովին եւ ամբողջովին կընկնի հայկական կողմի վրա»,- ասված է պետական սահմանապահ ծառայության հայտարարությունում։
Արցախի աղետալի իրավիճակի մասին նախօրեին հայտարարել էր նաեւ ԿԽՄԿ-ն՝ Երեւանին եւ Բաքվին կոչ անելով գնալ հումանիտար կոնսենսուսի եւ թույլ տալ կազմակերպությանն աշխատել։ Այսօր ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում ԿԽՄԿ նախազգուշացումներին։
Փաստորեն, Ադրբեջանն արդեն բացահայտ հայտարարում է, որ մտադիր է սովամահ անել եւ թույլ չտալ սննդամթերքներ ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։