Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի, ինչպես նաեւ հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Քննարկվել են տնտեսական, առեւտրային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահների վերջին հանդիպումից բխող հարցեր, բարձր է գնահատվել հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրումը, վերջին ամիսներին տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներն ու միջգերատեսչական շփումները։ Հեռախոսազրույցի ընթացքում հայտարարվել է տնտեսության եւ տրանսպորտի ոլորտում ձեռք բերված երկկողմ եւ տարածաշրջանային համաձայնությունների կատարման կարեւորության մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Առիթից օգտվելով՝ Բայրամովը Հայաստանին մեղադրել է «քաղաքական մանիպուլյացիաների» մեջ։

Նրա խոսքով՝ «հայկական կողմը պետք է վերջ դնի տարածաշրջանում սադրանքներին, հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։