Հայաստանի տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ այսօր՝ հուլիսի 31-ին, վաղ առավոտից «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» վանկարկումներով փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:
«Մեր պահանջն է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպում, Ժնևում հրավիրեն մամուլի ասուլիս, բոլորին տեղյակ պահեն, որ իրենց անմիջական վերահսկողության տակից մարդ են գողացել, այլապես կստացվի համաձայն են այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել շաբաթ օրը»,- ասաց ակցիայի մասնակիցը։
«Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի, սոված և առանց մանկության փոքրիկի, իր տարրական իրավունքներից զրկված և ընտանիքից հեռու երիտասարդների»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից՝ կոչ անելով ԿԽՄԿ աշխատակիցներին չռել, չլինել անտարբեր, ահազանգել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Արցախի Հանրապետությունում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։