Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը կառուցողական չի համարում ադրբեջանական կողմից հնչող արձագանքները Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդան Սարգսյանը նշել է, որ հաճախ փորձեր են արվում այդ նախաձեռնությունը դարձնել տարաբնույթ շահարկումների թեմա, մինչդեռ Կոռնիձոր այցելող միջազգային կառույցների ներկայացուցիչները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը:

«Հումանիտար բեռներով լի ավտոշարասյունը շարունակում է նույն տեղում մնալ, որտեղ կայանել էր դեռ տասնմեկ օր առաջ: Ինչպես նշվել էր ի սկզբանե՝ մեր նպատակը զուտ մարդասիրական բնույթի այս նախաձեռնության իրականացումն է, որի ուղղությամբ շարունակում ենք քայլեր ձեռնարկել: Վերջին 11 օրերի հիմնական արձանագրումն այն է, որ նախաձեռնության հանդեպ ինչպես միջազգային, այնպես էլ մեր հանրության շրջանում հարաճուն ուշադրության և հնչեղության աճ կա: Ասվածի վկայությունն են դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների ներկայացուցիչների այցերը Կոռնիձորի հատված, ինչպես նաև տարբեր երկրների պետական ատյաններից և խորհրդարանականների կողմից հնչող հայտարարությունները, որոնցում հստակ և հասցեական կոչ է արվում Ադրբեջանին, որպեսզի վերջինս բացի Լաչինի արգելափակված միջանցքը»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Կոռնիձորի հատված այցելողներն իրականում տեսնում են, թե ինչ է կատարվում և հավաստի տեղեկություններ են ստանում Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մասին: