Միջազգային կառույցներից արձագանքներ եղել են, կան ու կլինեն, բայց արդյունք չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախում ցեղասպանություն է տեղի ունենում:
«Առաջին նամակը ես ուղղել եմ ՌԴ նախագահին, դեռ հունիսի սկզբներինե ւ ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է: Դրա մասին Հայաստանի վարչապետը լրացուցիչ հուլիսի 5-ին անդրադարձել է: Դրանից հետո տեղի է ունեցել Ալիեւ-Փաշինյան-Շառլ Միշել հանդիպումը, դրանից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված Բայրամով-Միրզոյան-Լավրով եռակողմ հանդիպումը: Կարծես, ամեն տեղ ֆիքսել են, որ կա խնդիր եւ վիճակն օր օրի վատթարանում է, բայց արդյունքները զրոյական են»,-ընդգծեց Արցախի նախագահը:
Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսությանը, Արայիկ Հարությունյանն ասաց. «Երկխոսությունը ստիպողաբար չի լինում: Կարծես լուռ համաձայնություն կա, որ մեզ թողնեն Ադրբեջանի հետ մեն-մենակ եւ Ադրբեջանն օգտագործելով ճնշման մեթոդը... բայց սա արդեն ճնշման մեթոդ չէ, մենք գտնվում ենք այն կարգավիճակում, որ ցեղասպանության եզրին ենք: Այսինքն սա երկխոսություն անվանել չի կարելի, մեզ ընդամենը դրդում են ընդունել Ադրբեջանի պայմանները պահանջները, որոնք մեզ համար անընդունելի է: Ցանկացած երկխոսություն պետք է լինի իրավահավասարության, արժանապատվության եւ իրավունքների շրջանակներում լինի: Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար մենք շարունակելու ենք պնդել միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները: Այդ առումով դեռ կա գործիքակազմ:
Ես առաջիկա օրերին հատուկ ուղերձով դիմելու եմ միջազգային դերակատարներին եւ կոնկրետ առաջարկությամբ կամ պահանջներով, որովհետեւ եթե դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, պետք է ստեղծեն այդ պայմանները, որից հետո նոր մեզ հորդորեն կամ պահանջեն հանդիպել»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ մինչ այս Ադրբեջանի հետ շփումներ եղել են ռուս խաղաղապահների միջնորդությամբ, եւ դրանք միայն սոցիալական ենթակառուցվածքներին էին վերաբերում, որոնք որոշակի արդյունք տալիս էին, սակայն դեկտեմբերի 12-ից սկսած Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը եւ հարգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման հարթություն. «Մենք պետք է վերականգնենք այդ ձեւաչափը, որից հետո կարող է լինել իրական երկխոսություն ու բանակցություններ»: